Լրահոս

02.03.2012 15:33


Ա. Հարությունյան. «Կառավարությունն ասել է, թե ունի ավելի կարևոր գործեր, քան գինեգործների խնդիրները լուծելը»

Ա. Հարությունյան. «Կառավարությունն ասել է, թե ունի ավելի կարևոր գործեր, քան գինեգործների խնդիրները լուծելը»

–Հայաստանում գինեգործության զարգացումը մի շարք խոչընդոտների առջև է կանգնած,– այսօրվա ասուլիսին լրագրողներին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Բանախոսը նշել է, որ չնայած այս տարին խաղողագործների համար խոստանում էր բերքառատ լինել, ինչը կնպաստեր գինու արտադրության և վաճառքի ծավալների աճին, սակայն խաղողի բերքի մինչև 95 տոկոսը գնում է կոնյակի արտադրությանը։

–Բանն այն է, որ կոնյակ պատրաստելու համար խաղողը պիտանի է արդեն սեպտեմբերին, իսկ գինու խաղողը հասնում է միայն հոկտեմբերին։ Կան խնդիրներ նաև գինու սպառման շուկաների ոլորտում։ Չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա խնդիրներին, կարծես թե բարենպաստ պայմաններ են ստեղծվում այդ շուկայի գրավման համար, բայց հայկական գինին զբաղեցնում է այդ ահռելի շուկայի 0,1 տոկոսը,–նշել է փորձագետը։

Խոսելով պատճառների մասին՝ նա նշել է պետության աջակցության բացակայությունը և բերել նույն Վրաստանի օրինակը. վրացական գինեգործները շատ արագ կարողացան իրենց տեղը զբաղեցնել եվրոպական շուկայում հենց պետական աջակցության շնորհիվ։

–Անհրաժեշտ են միջպետական առևտրային համաձայնագրեր։ Ի դեպ, Հայաստանի գինեգործների միությունը դիմել է կառավարությանը, սակայն պատասխան է ստացել, որ կառավարությունն ունի ավելի կարևոր գործեր, քան գինեգործների խնդիրները լուծելը,–ընդգծել է Հարությունյանը։

Անդրադառնալով հողահարկի զիջման կառավարության որոշմանը՝ նա ասել է, որ տույժ–տուգանքները, անշուշտ, պետք է հանվեին գյուղացուն լրացուցիչ բեռից ազատելու համար, սակայն Հայաստանն իրավական պետություն է, և նմանատիպ քայլերն անարդար են այն գյուղացիների և ընդհանրապես քաղաքացիների հանդեպ, ովքեր կանոնավոր վճարել են բոլոր հարկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը